|
|
|
|
| ՀԱՅՐԵՆԱՊԱՏՈՒՄ |  Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 6-10 րոպե: Հաղորդումը գեղարվեստական ռադիոակնարկների շարք է Հայաստանի բռնագրավված հատվածներում գտնվող բնակավայրերի մասին: Ամեն մի հաղորդում անդրադառնում է մեկ գյուղի կամ քաղաքի՝ Արևմտյան Հայաստանում, Հյուսիսային Արցախում, Պարսկահայքում, Կիլիկիայում, Ջավախքում կամ Միջագետքում: Հաղորդումը պատրաստվում է այդ քաղաքները այցելած զբոսաշրջիկների, ուխտավորների հետ զրույցների, ինչպես նաև պատմության, ազգագրության մասնագետների վկայությունների հիման վրա: |
| ՀԱՅ ԴԱՏ |  Պարբերականությունը շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 8-12 րոպե: Ժանրային առումով հաղորդումը հարցազրույցների շարք է: Այն անդրադառնում է Հայկական Հարցի արդի փուլին, նոր զարգացումներին ու լուծման հեռանկարներին: Հաղորդման հյուրերը քաղաքական գործիչներ են, պատմաբաններ, միջազգայնագետներ, ովքեր փորձում են վերլուծել մեր Դատի, ազգային պահանջատիրության ու երկրի սոցիալ-տնտեսական կացության միջև եղած փոխազդեցությունը: |
| ՀԱՅ ԴԱՏ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՎԵԼՎԱԾ |  Պարբերականությունը՝ ամեն օր, բացի կիրակի օրերից: Տևողությունը ՝ 3 - 5 րոպե: Իր ձևի մեջ այս հաղորդումը ռադիոծրագիր է՝ կարճ մենախոսությունների շարք: Խոսում են մարդիկ, ովքեր կամ ունեն յուրովի տեսակետ Հայկական Հարցի վերաբերյալ, կամ նրանց կենսագրությունը ինչ-որ կերպով առնչվել է Հայ Դատի եզրերից որևէ մեկին: Հաղորդման թեմատիկան և խորագիրը անդընդհատ փոփոխվում են: Օրինակ "Վերլուծաբան Սարգիս Հացպանյանի պատասխանը Հայկական Հարցին" կամ "Հայ Դատն ու հայերը ժամանակակից թուրքական բանակում", կամ "Քրդախոս հայերի պատասխանը Հայկական Հարցին" և այլն: |
| ԱՍԱԼԱ |  Այս հաղորդաշարը բազմակոմպոնենտ արտադրանք է: Այստեղ օգտագործվում են թե արխիվային փաստաթղթեր, թե հարցազրույցներ այս թեմատիկայի գիտակների հետ, թե ընթերցումներ մասնագիտական գրականությունից: Հաղորդումը նվիրված է այն գործընթացին, որ պատմագիտության մեջ անվանվեց "հայկական նորագույն դիմադրություն": Հաղորդման նպատակն է պատմել մարդկանց ճշմարտությունը Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, նրա դեմ կիրառված դեպրեսիաների ու նահատակների մասին: |
| ՄՌԱՎԻ ՂՈՂԱՆՋՆԵՐ | Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 10-12 րոպե: Հաղորդումը նվիրված է Դաշտային Ղարաբաղի հիմնահարցին: Մռավ լեռից հյուսիս չհաշված Շահումյանի շրջանը կար 60 հայկական գյուղ: Դրան գումարած Կիրովաբադի Հայիչաստ թաղամասը` 35 հազար բնակչությամբ: Սրանք այն տարածքներն են, որոնք ազատագրել չհաջողվեց: Հաղորդումը անդրադառնում է այդ բնակավայրերին, դրանց պատմաճարտարապետական հուշարձաններին, ժողովրդի զանգվածային գաղթին ու տեղահանվածների այժմյա կացությանը: |
| ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ |  Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 6-8 րոպե: Հաղորդումը նվիրված է հայկական առաջին հանրապետության պատմությանը: Այն հիմնված է այդ շրջանի քաղաքական գործիչների գրական հիշողությունների վրա: Հաղորդման մեջ օգտագործվում են Տեր-Մինասյանի, Վրացյանի, Քաջազնունու և այլոց երկերը: |
| ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ |  Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 6-8 րոպե: Հաղորդաշարը նվիրված է մեծ փիլիսոփա, գաղափարաբան, զորավար Գարեգին Նժդեհի աշխատություններին: Մեզանում տարածված է այն կարծիքը, թե հայերը ազգային գաղափարախոսություն չունեն: Գուցե դա մասամբ արդարացված մոտեցում է: Սակայն կա նժդեհյան Ցեղակրոնությունը, որը հայ իրականության մեջ ձեռնարկված ամենահաջող գաղափարաբանական աշխատությունն է: Մենք որոշեցինք սկսել նրանից, ինչն արդեն կա: Հաղորդաշարը պարբերաբար անդրադառնաում է նաև Լեռնահայաստանի պատմությանը: |
| ԱԿՈՒՆՔ |  Պարբերականությունը՝ ամեն օր: Տևողությունը՝ 12 րոպե: Հաղորդման հեղինակն է ազգագրագետ Հարություն Փանոսյանը: Ծրագիրը նվիրված է հայկական ազգագրական երաժշտությանը: Ավելի ճիշտ ազգագրական երաժշտության միջոցով հեղինակը պատմում է մեր ավանդույթների, նահապետական նիստուկացի ու մշակույթի մասին: |
| ԵՐԳԻՆ ՀԱՆԳԱՆԱԿ |  Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 15 րոպե: Հաղորդման հեղինակն է ազգագրագետ Հարություն Փանոսյանը: Այս հաղորդումը երաժշտական ու հրապարակախոսական ռադիո համադրություն է: Հեղինակը վերլուծում է հայրենական երաժշտական դպրոցի զարգացման միտումները, տոտալ և էլիտար երաժշտության բախումը, օտար մշակույթների ազդեցությունը ազգային երաժշտամտածողության վրա: Հաղորդմանը հաճախ հյուրընկալվում են ականավոր երաժիշտներ, արվեստագետներ, գիտնականներ՝ մի խոսքով այն մարդիկ, ովքեր հանգանակ են հայ երգին: |
| ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ |  Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 15 րոպե: Հաղորդման հեղինակն է սայաթնովագետ Իշխան Ստեփանյանը: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել ռադիոլսողին հաղթահարել այն լեզվական պատնեշը, որ սովորաբար առաջանում է աշուղի ստեղծագործությունները լսելիս կամ ընթերցելիս: Հեղինակը եթերում թարգմանում և մեկնաբանում է տեքստերը, բացահայտում է աշուղի կյանքի մութ էջերը, ներկայացնում գիտական շրջանառության մեջ առկա վարկածները: Հաղորդման ընթացքում հնչում են Սայաթ Նովայի ստեղծագործությունները ազգային վոկալի վարպետների կատարմամբ: |
| ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆ |  Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 15 րոպե: Այս հաղորդաշարը հանրահայտ թառահար Հովհաննես Դարբինյանի հեղինակային ծրագիրն է: Հաղորդումը նվիրված է մեր ժող. գործիքներին և դրանց ականավոր վարպետներին: Հաղորդմանը հյուրընկալվում են հանրահայտ երաժիշտներ, արվեստագետներ: Հաճախ հաղորդման մեջ հնչող երաժշտական համարները ձայնագրվում են հենց տեղում: Այս ծրագիրը անդրադառնում է ազգային նվագարանային դպրոցի հետ կապված բոլոր հարցերին: |
| ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՇՈՒՂՆԵՐ |  Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 12 րոպե: Հաղորդման հեղինակն է Նազելի Գրիգորյանը՝ նույն ինքը՝ աշուղ Նազելին: Այս հաղորդումը առավելապես նվիրված է նորօրյա աշուղների գործունեությանը և ստեղծագործություններին: Այսօր մեր երկրում կա ավելի քան 70 աշուղ ու գուսան: Կա նույնիսկ "Հայ աշուղների միություն": Այս հաղորդման նպատակն է ծանոթացնել ռադիոունկնդրին երաժշտարվեստի այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Հաղորդմանը հյուրընկալվում են աշուղ-գուսաններ, գիտնականներ, երաժշտագետներ: Ընթացքում հնչում է գուսանական երաժշտություն: Հաճախ այս ծրագիրը անդրադառնում է նաև գուսանական ժանրի դասականներին ու իրենց ստեղծագործություններին: |
| ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ |  Պարբերականությունը՝ ամեն օր: Տևողությունը՝ 6-8 րոպե: Հաղորդումն իրենից ներկայացնում է Հայ Դատի հետ կապված դեպքերի և անձանց հակիրճ այբբենական տեղեկատու, որ շարադրված է հանրագիտարանային սկզբունքով: Ամեն հաղորդում ունենում է 3-4 գլուխ: |
| ՎԱՂԸ | Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 15-20 րոպե: Այս հաղորդումը "Իմպուլս" ռադիոընկերության և "Միտք" հետազոտական կենտրոնի համատեղ արտադրանք է: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում հյուրերը ՝ կենրոնի էքսպերտները, թվով 3 կամ 4 հոգի քննարկում են ազգային ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Այնպիսիք, ինչպիսիք են օրինակ երկրի բնական սահմանները, դեմոգրաֆիկ աճը, տնտեսական վերելքը և այլն: Հաղորդումը կառուցված է "բրեյն-սթորմի" սկզբունքով, որ ավարտին հյուրերը գալիս են որոշակի եզրակացության: |
| ԼՈՒՍԱՄՈՒՏ | Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 8-10 րոպե: Այն ամենը, ինչը չի տեղավորվում հասարակ լուրերի ֆորմատում, դառնում է "Լուսամուտ" հաղորդաշարի առարկան: Ձևի տեսակետից "Լուսամուտը" հատուկ ռեպորտաժ է շաբաթվա կարևորագույն իրադարձության մասին: Թեմատիկ սահմանափակում չկա: Հաղորդումն անդրադառնում է թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, թե մշակութային հարցերին: Հաղորդման ցանկացած թողարկում բաղկացած է լինում հարցազրույցներից, կենդանի ձայնագրություններից, վերլուծականներից և այլն: |
| ՔԱՅԼ | Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 8-10 րոպե: Այս հաղորդումը նվիրված է երկրում տիրող ճգնաժամը հաղթահարելու քայլերին: Ծրագիրը լուսաբանում է բոլոր այն գործընթացները, որոնք միտված են իրավիճակի բարելավմանը տարբեր ոլորտներում: Չնայած, որ այստեղ էլ թեմատիկ սահմանափակում սկզբունքորեն չկա, բայց, այնուամենայնիվ, իրականությունը իր թեքումն է առաջարկում: Ստացվել է այնպես, որ հաղորդման հիմնական թեմաները գիտա-տնտեսական բնույթի հարցերն են: Այս շարքի թողարկումները բազմակոմպոնենտ են: Դրանք բաղկացած են վերլուծականներից, էքսպերտային հարցազրույցներից, ռեպորտաժային տարրերից և այլն: |
| ԳՅՈՒԼԻՍՏԱՆ ՆԱՄԵ |  Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 6-8 րոպե: "Գյուլիստան Նամեն" գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի հեղինակային նախագիծն է: Այն նվիրված է պատմական Գյուլիստան գավառին: Հաղորդումն անդրառնում է վերջինիս պատմության, մշակութային ժառանգությանը, շրջանի հետ կապված արդի խնդիրներին: |
| 3-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |  Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 6-8 րոպե: "3-րդ հանրապետությունը" վերլուծաբան Արիս Ղազինյանի հեղինակային նախագիծն է: Այն նվիրված է երիտասարդ մեր պետականության առջև կանգնած խնդիրներին, այն մարտահրավերներին, որոնք գուցե ճակատագրական նշանակություն ունենան բոլորիս համար: Հեղինակը վերլուծում է բելոր տիպի խնդիրները՝ սկսած ՀՀ գերքաղաքական կողմնորոշումից, վերջացրած հանրային առողջապահության հարցերով: |
| ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |  Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 12 րոպե: Հաղորդման հեղինակը հանրահայտ երգչուհի Աննա Մայիլյանն է: Հեղինակը հաղորդման ընթացքում պատմում է հոգևոր երաժշտության ոլորտում իր փորձառության մասին: Շարականները՝ կատարողի զգացած, կատարողի ապրած, կատարողի ընկալած նրբերանգներով: Հաղորդումն ունի երաժշտագիտական ուղղվածություն: Հաճախ խոսվում է նաև շարակներգության պատմության, ավանդությունների ու հեղինակների կյանքի մասին: |
| ՇԱՐԱԿԱՆ | Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 12 րոպե: Այս հաղորդումը "Իմպոլս" ռադիոկայանի և Գևորգյան Ճեմարանի համատեղ արտադրանք է: Հաղորդման հեղինակները ճեմարանի ուսանողներ են: Ծրագրի հիմնական իմաստը շարականների թարգմանությունն է: Հաղորդման հեղինակները սկզբում պատմում են տվյալ շարականի ստեղծման պատմությունը, տեղում երգում այն, տալիս դավանաբանական մեկնաբանությունը, ապա թարգմանում աշխարհաբար հայերենի: |
| ԾԻՍԱԿԱՐԳ | Պարբերականությունը՝ շաբաթը մեկ անգամ: Տևողությունը՝ 6-8 րոպե: Այս հաղորդումը նույնպես արտադրվում է համատեղ Գևորգյան Ճեմարանի հետ: Հաղորդումը բացահայտում է այս կամ այն ծեսի հիմքում եղած խորհուրդները: Հաղոդման հեղինակը եկեղեցում ձայնագրում է ծեսը, ապա արդեն ռադիոտաղավարում մեկնաբանում դրա բոլոր դրվագները, թարգմանում կարևոր հատվածները գրական արևելահայերենի: Ժանրային առումով այս ծրագիրը թեմատիկ ռեպորտաժների շարք է: |
| ՏՈՆԱՑՈՒՅՑ |  Պարբերականությունը՝ ամեն օր, բացի կիրակի օրերից: Տևողությունը ՝ 4-6 րոպե: Տարվա գրեթե բոլոր օրերը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է յուրովի: Ըստ եկեղեցական տոնացույցի` գրեթե բոլոր օրերը կամ տոն են, կամ հիշատակման օր կամ պահք ու սուգ և այլն: Այս հողորդումը նվիրված է օրվա խորհրդին: Իսկ այն օրերին, որոնց Մայր եկեղեցին, որևէ խորհուրդ չի շնորհվել Տոնացույց հաղորդաշարի շրջանակներում եթեր է գնում "Փարոս հավելվածը": Հաղորդումները զրույցներ են հոգևորականների հետ ամենատարբեր թեմաներով: |
| ԲԵԹԽԵՀԵՄԻ ԱՍՏՂ | Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 15 րոպե: Հաղորդման մշտական հյուրն է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: Ռադիոլսողի հետ նա խոսում է ռուսերեն: Այս հաղորդումը հատուկ այն ռադիոլսողների համար է, ովքեր մայրենի լեզվի հետ խնդիրներ ունենալով առավել հակված են հարելու աղանդավորական շարժումներին: Տեր Հայրը բացատրում է նրանց Հայ եկեղեցու դավանանքը, պատմությունը ու այն վտանգը, որ ստեղծում են աղանդները: Հաղորդման ընթացքում նա պատասխանում է ռադիոլսողների տարաբնույթ հարցերին: |
| ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ | Պարբերականությունը՝ շաբաթը 1 անգամ: Տևողությունը՝ 8-10 րոպե: Այս ծրագիրը դիմանկար-ակնարկների շարք է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների և կանոնավոր բանակի զինվորականների մասին: Խորհրդային միության փլուզման հետ փլուզվեց նաև վերջինիս ստեղծած "հերոսների պանթեոնը"` հանրային կարևորագույն արժեքներից մեկը: Իսկ հասարակության գիտակցության մեջ նոր "պանթեոն" հիմնել չհաջողվեց: Մեր խմբագրության դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է: Արցախյան պատերազմի բոլոր նահատակները հերոս են` առանց որևէ խտրականության ու բացառության: Մենք պատմում ենք բոլորի մասին` անկախ կուսակցական ու տեղային պատկանելությունից: Մեր այս հաղորդման հերոսը թե զինվորն է, թե` հրամանատարը: Հեղինակները հանդիպում են հերոսների ընտանիքներին, ընկերներին, զինակիցներին: Նրանց հետ արված հարցազրույցներից է ստեղծվում հերոսի կերպարը: Ի դեպ` "Իմպուլս" ռադիոկայանի հեռարձակած առաջին սեփական հաղորդումը ակնարկ էր հենց այս շարքից: |
|
|
 | |
| Հասցե` Խանջյան 19, 6-րդ հարկ
Հեռ. 54-12-73 |
|